հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո էլ չեն դադարում հայ ժողովրդի դեմ իրականացվող խnշտանգnւմները. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո էլ չեն դադարում հայ ժողովրդի դեմ իրականացվող խnշտանգnւմները. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Այսօր՝ հունիսի 26-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր։

«Այն կարևոր ազդակ է բարձրաձայնելու Արցախում Ադրբեջանի կողմից թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեբանական խոշտանգումների ենթարկված քաղաքացիական անձանց, ռազմագերիների, կալանավորների և մի ողջ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։ Մենք հիշեցնում ենք, որ խոշտանգումը դաժանություն է՝ ուղղակի և աներկմիտ։ Այն ի բնե անմարդկային է և նվաստացնում է մարդկանց՝ թե՛ նպատակով, թե՛ հետևանքով։

Խոշտանգումների համակարգային կիրառումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։

«Համաձայն բոլոր համապատասխան միջազգային փաստաթղթերի, ներառյալ սովորութային միջազգային իրավունքը, խոշտանգումը բացարձակապես արգելված է բոլոր պետությունների՝ այդ թվում՝ Ադրբեջանի համար, և չի կարող արդարացվել որևէ հանգամանքում։ Բայց՝ չնայած հստակ արգելքներին, հայ ժողովրդի դեմ իրականացվող խոշտանգումները շարունակում են մնալ կիրառվող «ավանդույթ» ադրբեջանական վարչակարգի համար»,- շված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

Օրվա խորհրդի հիմքում 1987 թվականին ուժի մեջ մտած «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան է (որին միացել է նաև Ադրբեջանը՝ սկսած 1996 թվականից) և դրա կիրառման հստակ մեխանիզմները։ Կոնվենցիայի տրամաբանությամբ՝ ՄԱԿ-ը դատապարտում է խոշտանգումը՝ այն որակելով որպես ամենաարատավոր գործողություններից մեկը և հավելելով, որ խոշտանգումը սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Լաչինի միջանցքի շրջափակման, զանգվածային բռնությունների, քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորման, ահաբեկման, խոշտանգումների ակնհայտ դրսևորումների, զանգվածային գերեվարումների, սպանությունների, հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի բազմաթիվ դեպքերի հետևանքով հազարավոր արցախահայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։

Իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները՝ ցեղասպանության իրական վտանգի, կյանքի հանդեպ վախի և հուսալքության պայմաններում թողնելով 120․000 հայ բնակչություն՝ հանգեցրին Արցախի ամբողջական հայաթափմանը։

Բայց Ադրբեջանի կողմից զանգվածային նվաստացումների ու բռնությունների քաղաքականությունը չավարտվեց։ Աշխարհը ականատես եղավ անգամ մահացած հայ զինվորների դիակների պղծման, խոշտանգման , զանգվածային գնդակահարությունների, գերեզմանների խոշտանգման աննախադեպ դրսևորումների։ Հոգեբանական նվաստացումները և խոշտանգումները հասան իրենց գագաթնակետին՝ Բաքվում պետական աջակցությամբ բացված Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմամբ, որտեղ պատերազմի ընթացքում խոցված կամ Ադրբեջանին անցած հայկական ռազմական տեխնիկայից բացի, ցուցադրված էին սպանված հայ զինվորների սաղավարտները, ինչպես նաև հայկական Զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված էին արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում։

 

Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվ գործողությունների ավարտից հետո էլ չեն դադարում հայ ժողովրդի դեմ իրականացվող խոշտանգումները։ Մի կողմից՝ դրանք ուղղված են ռազմագերիների, կալանավորների, զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ դրսևորվում են գերեզմանների, դիերի, եկեղեցիների, խաչքարերի նկատմամբ՝ կոլեկտիվ ծանր տառապանք պատճառելով մարդկանց։

 

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հորդորում է Ադրբեջանին հետևել՝

 

«Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի (1984 թ.) և վերջինիս արձանագրության դրույթներին, որոնցով Ադրբեջանը ստանձնել է միջազգային իրավական պարտավորություն՝

 

.չկիրառել խոշտանգում որևէ հանգամանքում՝ լինի դա խաղաղություն, պատերազմ, արտակարգ դրություն կամ ազգային անվտանգության հիմք,

 

.կանխել խոշտանգումների իրականացումը իր տարածքում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կամ նրանց վերահսկողության ներքո գործող անձանց կողմից։

 

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը փաստում է, որ մի ողջ ժողովրդի բռնի տեղահանման, խոշտանգումների ենթարկելու և նման սպառնալիքներով հայրենի բնօրրանից վտարելու գործողությունները չեն կարող անպատիժ մնալ։

Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի անդամ պետություններին, ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, Խոշտանգումների դեմ կոմիտեին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին՝ հետևողական լինել Լեռնային Ղարաբաղում խոշտանգումների ենթարկված և ենթարկվող անձանց ճակատագրերին և դատապարտել Ադրբեջանի խտրական գործողությունները»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ։

  • Կիսվել: