շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը. ԱՀ ՄԻՊ

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։

«Միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։

Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականացնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։

 

  • Կիսվել: