կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականների 13 ՀԿ-ներ միջազգային հանրությունից պահանջելով հարգել Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը

Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականների 13 ՀԿ-ներ միջազգային հանրությունից պահանջելով հարգել Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը

Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականների 13 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ միջազգային հանրությունից պահանջելով հարգել Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախից փախստականներս, վերահաստատում ենք հետևյալը.

1987-1992թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի տարբեր քաղաքաներում՝ Սումգայիթում, Բաքվում Կիրովաբադ/Գանձակում հայության դեմ կատարված ցեղասպանության պատճառով հարյուր հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին, ցրվեցին աշխարհով մեկ, դարձան փախստական: Մինչ օրս միջազգային հանրության կողմից չի տրվել Ադրբեջանի տարածքում հայության դեմ կատարվածի գնահատականը, չեն բացահայտվել ու չեն դատապարտվել ոճրագործությունների կազմակերպիչներն ու իրականացողները,

2020 թվականի սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում Արցախից Հայաստանի Հանրապետությունում հայտնված 26.750 անձի ՄԱԿ-ը 2021 թվականին համարում է փախստականին հավասարեցված կարգավիճակով անձ: Իսկ Արցախի Հանրապետության տարածքի 120.000 հայերը այսօր բռնապետական Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման մեջ են՝ զրկված լինելով առօրյա անվտանգությունից, ազատ տեղաշարժի իրավունքից,

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները կարող են վերադառնալ իրենց տներ՝ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո: Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ և միջազգային այլ կառույցների մուտքը Արցախ, նույն հայտարարության 6-րդ կետի խաթարումով Ադրբեջանը նաև արգելափակել է Լաչինի միջանցքը, որն արցախահայության միակ գոյաբանական ուղին է,

Ադրբեջանը Արցախի ռազմակալած տարածքները բնակեցնում է անհայտ ինքնությամբ և ծագումով մարդկանցով, ինչը կասկածի տակ է դնում և խաթարում հայության անվտանգությունը տարածաշրջանում, խաղաղության հաստատման միջազգային կառույցների քաղաքական ջանքերը,

Այնպես, ինչպես երբեմնի հայերով բնակեցված Նախիջևանն Ադրբեջանի լիակատար իրավասության հաստատման պայմաններում հայաթափվեց, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց, այնպես էլ այժմ է Արցախի հայաթափված շրջաններում իրագործվում է բնիկ ժառանգության ոչնչացում,

Ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը չի կարող ապրել բռնապետական Ադրբեջանի տիրապետության տակ. դրա արդյունքն է լինելու հայության ոչնչացումը: Իրավիճակը ավելի քան օրհասական է:

Ելնելով վերոհիշյալից՝ պահանջում ենք, որ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, գործընկեր երկրները

ապահովեն անվտանգային երաշխիքներ և ներդնեն համապատասխան մեխանիզմներ՝ փախստականների և բռնի տեղահանվածների համար վերադարձի պայմաններ մշակելու համար,

ստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ փախստականների և նրանց ժառանգների համար կորցրած անշարժ և շարժական գույքի դիմաց Ադրբեջանի կողմից փոխհատուցում (համապատասխան կարգով) սահմանելու և տրամադրելու համար և պարտադրեն Ադրբեջանին կատարել միջազգային պարտավորություններն ու փախստականների և նրանց ժառանգների ընտանիքներին փոխհատուցել կրած կորուստները,

հարգեն Արցախի ժողովրդի՝ հանրաքվեով ինքնորոշված լինելու փաստը, մարդու կյանքի իրավունքը չզիջեն ու չստորադասեն տարածքային ամբողջականության սկզբունքին, առաջնորդվեն մարդու և ժողովուրդների հիմնարար իրավունքներով և ազատություններով,

գործնական քայլերով կանխեն մշակութային ցեղասպանությունը Արցախի օկուպացված տարածքներում՛՛:

  • Կիսվել: