ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
28 տարի առաջ այս օրը` փետրվարի 18-ին, թշնամին վտարվեց Արցախի հյուսիսային բնագծից

28 տարի առաջ այս օրը` փետրվարի 18-ին, թշնամին վտարվեց Արցախի հյուսիսային բնագծից

1994 թ. փետրվարի 18-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ազատագրեցին պատմական Քարվաճառի Ամուր լեռնանցքը, ինչը շրջադարձային նշանակություն ունեցավ ռազմական գործողությունների հյուսիսային թատերաբեմում:

Այդ առնչությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը մասնավորապես նշել է.

«Ինչպես հայտնի է, փետրվարի 11-ին սկսվեց ՊԲ զորամասերի համընդհանուր հակահարձակումը Քարվաճառի հյուսիսում: Ռազմագործողությունն իրականացվում էր 3 հիմնական ուղղություններով: Մարտակերտի ՊՇ գումարտակներից մեկը, հակահարձակման անցնելով, համարձակ շրջանցումով հաղթահարել է Մռավի ձյունածածկ լեռնաշղթան և փակել Ամուր լեռնանցքը` կտրելով հակառակորդի թիկունքը և զրկելով նրան ոչ միայն համալրումներ ստանալու, այլև նույնիսկ խոշոր ուժերով նահանջելու հնարավորությունից: Այդ հաղթանակի շնորհիվ իսկապես լուծվել են օպերատիվ-մարտավարական, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ: Ինչպես արձանագրված է ՊԲ հրամանատարի հրամանում, Քարվաճառի շրջանի հյուսիսային մասի և Ամուր բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու և շրջափակման սպառնալիքը վերացնելու առումներով: Թշնամուն հնարավորություն չի տրվել փակելու Արցախը Մայր Հայաստանի հետ կապող երկրորդ «կյանքի ճանապարհը», որը հատկապես կենսական է Մարտակերտի շրջանի համար՝ խնդրո առարկա ժամանակի կտրվածքով, մանավանդ` բռնազավթված բնակավայրերն ազատագրելու և բռնատեղահանված բնակչության վերադարձն ապահովելու առումներով: Վերահսկողություն է սահմանվել ռազմավարական Ամուր լեռնանցքի՝ մեր հանրապետության հյուսիսարևմտյան բնական սահմանի վրա` բնականաբար, դիրքային առավելություն ստանալով թշնամու նկատմամբ: Գլխովին ջախջախվել է Ամուրի լեռնանցքի ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք: Հավատում եմ, որ հայ զինվորն անպայման վերադառնալու է իր նախկին դիրքերը և ամուր պահելու է Արցախի հյուսիսային բնագծերը», - ընդհանրացրեց Մ. Հարությունյանը։

  • Կիսվել: