երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք արցախցիներին. փոխնախարար

20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք արցախցիներին. փոխնախարար

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու նպատակով առաջարկում է լրացում կատարել 2023 թ. պետական բյուջեում:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը:

Սիրունյանը նախ վստահեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թ. պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի կառավարության որոշումներով հատկացվել և շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023 թ. պետական բյուջեով նախապես պլանավորված չեն եղել:

«Այդ հատկացումների ֆինանսավորման նպատակով բյուջետային տարվա ընթացքում իրականացվել են և մինչև տարվա վերջ կարիք կլինի իրականացնել ծախսային վերաբաշխումներ գործող բյուջետային ծրագրերի և միջոցառումների միջև: Արդյունքում, մինչև տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումների ծավալը կգերազանցի ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով Կառավարությանը տրված լիազորությունների շրջանակում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր 3 տոկոսի վերաբաշխման սահմանաչափը»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է թույլատրել Կառավարությանը բյուջեի օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանց գծով նույն օրենքով հաստատված հատկացումների գումարները` սույն օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև:

Փոխնախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ Կառավարությունը գրեթե 20 մլրդ դրամից ավելի հատկացումներ է արել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու համար, ինչը մոտ 1 տոկոսից ավելին է բյուջետային ծախսերի թույլատրելի սահմանաքանակների մեջ: Դրանից ավելի քանակությամբ նախատեսվում է հատկացումներ կատարել մինչև տարեվերջ:

Պատգամավորները փոխնախարարին խնդրեցին ներկայացնել ծրագրերը, որոնց ուղղությամբ արվելու են վերաբաշխումները: Փոխնախարարը խոստացավ ընդմիջումից հետո ներկայացնել:

  • Կիսվել: