շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանը չի խնդրել որդուն հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ բողոքը. նա պատմեց որդու հետ զրույցը

Փաշինյանը չի խնդրել որդուն հետ վերցնել Գայանե Հակոբյանի դեմ բողոքը. նա պատմեց որդու հետ զրույցը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդուն՝ Աշոտ Փաշինյանին չի առաջարկել հետ վերցնել առևանգման գործով բողոքի դիմումը։ Այս մասին Փաշինյանը հայտնեց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով նաև կառավարության դիմաց այս պահին կազմակերպված բողոքի ցույցին, որի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել առևանգման գործով մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանին։

Վարչապետը նկատեց, որ Աշոտ Փաշինյանի հետ այս թեմայով առաջին իսկ խոսակցության ժամանակ նա իր փաստարկներով զրկել է իրեն նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։

«Միջադեպի ժամանակ ես Հայաստանում չէի, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ նրա հետ զրուցում էի, ասում էր․ «Ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին»։

Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել։ Նա ինձ ասաց․ «Իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ողջ նպատակն ու իմաստը»։ Դրանից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով և խնդրանքով դիմելու»,- ասաց վարչապետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք  դա ընտրովի արդարադատություն չէ, քանի որ վարչապետի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկ պատասխանտվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանքի խափանման միջոց է կիրառվել, վարչապետը նկատեց․ «Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Նա ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ․․․

Տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա»։

  • Կիսվել: