ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Յուվենթուս»-ի երևանյան ակադեմիայի բազան պատրաստ կլինի ընթացիկ տարվա օգոստոսին

«Յուվենթուս»-ի երևանյան ակադեմիայի բազան պատրաստ կլինի ընթացիկ տարվա օգոստոսին

Հայաստանում իտալական «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երրորդ մարզաբազան կլինի Նոր Հաճնում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Յուվենթուս»-ի հայաստանյան ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը:

«Սեպտեմբեր ամսից կմեկնարկեն «Յուվենթուս»-ի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները Նոր Հաճն քաղաքում: Իսկ այս տարվա օգոստոսին տեղի կունենա երևանյան երկու մարզաբազաների, ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի բացման արարողությունը: Ակադեմիան նախատեսված է լինելու 1500 սաների համար»,-ասաց Աբրահամյանը:

Հայաստանում «Յուվենթուս»-ի  ակադեմիան բաղկացած է  լինելու 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիան ունենալու է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տարբեր չափերի բաց և փակ, բնական և արհեստական խոտածածկով դաշտեր՝ գիշերային լուսավորությամբ։ Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենթուս»-ի գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։  

 

  • Կիսվել: