Յուրի Սաքունցը՝ WBO վարկածով Եվրոպայի չեմպիոն
Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBՕ վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը։
Ապրիլի 18-ին Ավստրիայում տեղի ունեն տեղի ունեցած մենամարտում Յուրի Սաքունցը հաղթել է Գերմանիան նեկայացնող Ռոբերտ Տլատլիկին՝ դառնալով WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում։
«Ավստրիայում նվաճեցի WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին՝ հավատով, ուժով ու անսահման պայքարով։ Սա երկար ճանապարհի արդյունք է՝ լի քրտինքով, ցավով ու երբեք չնահանջելու կամքով։ Ես ռինգ դուրս եկա ոչ միայն իմ համար, այլ՝ մեր ժողովրդի, մեր երկրի արժանապատվության համար։ Ձեր աջակցությունը, ձեր խոսքերը ու ձեր հավատը ինձ հետ էին ամեն վայրկյան։ Այս հաղթանակը ապացույց է՝ երբ հավատում ես, աշխատում ես ու չես հանձնվում՝ անհնարին ոչինչ չկա։ Սա դեռ սկիզբն է… Առջևում նոր բարձունքներ կան։ Փառք Աստծուն ամեն ինչի համար: Եվ շնորհակալ եմ բոլորից՝ ովքեր իմ կողքին են եղել։ Մենք հաղթում ենք միասին»,- - սոցիալական ցանցերում գրել է Յուրի Սաքունցը։
Հայ մարզիկին Ավտսրիա են ուղեկցել եւ մենամարտի ընթացքում աջակցել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Քոչարյանը եւ ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովը:
Յուրի Սաքունցը պրոֆեսիոնալ ռինգում նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թ. դեկտեմբերին: Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Յուրի Սաքունցը հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն։


