հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ըմբշամարտի ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ըմբշամարտի ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը փայլուն ելույթներ ունեցավ մրցաշարում՝ նվաճելով արծաթե մեդալ, գրում է armsport.am-ը:

22-ամյա ըմբիշի համար սա առաջին փորձարկումն էր մեծահասակների մակարդակում անցկացվող Եվրոպայի առաջնություններում: Մինչև 23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոնը վստահորեն հաղթահարեց բոլոր արգելքներն ու հասավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովն էր։

Վճռորոշ գոտեմարտի առաջին մրցափուլում հայ ըմբիշն ուներ երկու միավորի առավելություն, սակայն երկրորդ հատվածում փորձառու Տիբիլովին հաջողվեց հավասարեցնել հաշիվը (2:2) և, վերջին գործողության կանոնով պայմանավորված, կորզել ոսկե մեդալը:

Դեպի եզրափակիչ տանող ճանապարհին Աղաջանյանն անցկացրել էր երեք տպավորիչ գոտեմարտ՝ պայքարից հաջորդաբար դուրս թողնելով իտալացի Տոմասո Բոսսիին (4:0), ռուսաստանցի Սուներ Կոնունովին (8:0) և ադրբեջանցի Նիհադ Մամադլիին:

Նշենք, որ սա Հայաստանի ընտրանու երրորդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Տիրանայի մրցագորգում բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեն նաև Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը:

 

  • Կիսվել: