Աննախադեպ արդյունք է Հայաստանի համար․ սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ
Մեզ համար աննախադեպ էր, որ մեծահասակների աշխարհի առաջնությունում ունեցանք 5 եզրափակիչի մասնակից եւ ռեկորդային թվով մեդակներ: Ոսկե մեդալի համար մեր սամբիստներին խանգարեց վստահությունն ու կաշկանդվածությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը՝ ամփոփել Երեւանում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունը:
«Ճիշտ է, մենք այսօր ոսկի չունեցանք, բայց վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ աշխարհի առաջնություն ռեկորդային թվով մեդալներ նվաճեցինք: Մեծահասակների հավաքականը 10 մեդալ նվաճեց՝ 5 արծաթ եւ 5 բրոնզ: Կարծում եմ՝ մինչեւ հաջորդ տարի մեր հույսերը կարդարացնեն եւ 5 ոսկե մեդալ կունենան:
Սա շատ գեղեցիկ արդյունք է մեզ համար: Մի քիչ չհերիքեց ոսկուն, բայց մեր մեծահասակները երիտասարդներ են եւ դեռ նոր կասեն իրենց խոսքը մրցագորգում: Մեր տղաներին պակասեց վստահությունը եւ կարծում եմ, նրանց նաեւ մի փոքր խանգարեց կաշկանդվածությունը: Տանը մի քիչ կաշկանդվեցին, որովհետեւ պատասխանատվությունը մեծ էր: Ցանկանում եմ ընդգծել, որ նախադեպը չի եղել, որ Հայաստանը մեծահասակներում եզրափակիչի մասնակից ունենա»,- ասաց Վովիկ Խոջայանը: