Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցացվող «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Երկօրյա հեծանվարշավին մասնակցության հայտ է ներկայացրել 106 քաղաքացի, սակայն նախապատրաստական մարզումներից հետո հաստատվել է նրանցից 86-ի մասնակցությունը:

Օգոստոսի 29-ին հեծանվային արշավի մեկնարկը տրվել է առավոտյան ժամը 07:30-ին։ Հեծանվարշավին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առավոտյան մասնակիցների հետ հանդիպել և նրանց հաջողություն են մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մասնակիցները Սևանա լճի շուրջ նախատեսված երթուղին անցնում են սեփական՝ մեխանիկական հեծանիվներով։

Առաջին օրվա երթուղին շուրջ 136 կմ է․ այն բաժանված է չորս հատվածի՝ մեկնարկից մինչև առաջին կանգառ՝ 35 կմ, առաջինից երկրորդ կանգառ՝ 33 կմ, երկրորդից երրորդ կանգառ՝ 35,4 կմ, իսկ երրորդ կանգառից մինչև գիշերակացի վայր՝ ևս 33 կմ։

Երեկոյան նախատեսված է նաև մասնակիցների հանդիպումը խարույկի շուրջ։
Հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով, երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։ Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:
Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ արդեն իսկ հաղթահարել են 69 կիլոմետր տարածություն. ըստ նրա՝ երթուղու առաջին հատվածի երկարությունը եղել է 35.8 կիլոմետր, որը հեշանվարշավի մասնակիցները հաղթահարել են 1 ժամ 20 րոպեում։
Երթուղու երկրորդ հատվածը եղել է 33 կիլոմետր, որը նույնպես մասնակիցներն անցել են 1 ժամ 20 րոպեում։



