Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվեց 1-1 հաշվով
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում արտագնա խաղում մրցում էր Թուրքիայի ընտրանու դեմ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց այն։
31-րդ րոպեին արդեն վտանգավոր գրոհ կազմակերպեցին մեր ֆուտբոլիստները, բայց Սպերցյանի հարվածից հետո Թուրքիայի հավաքականի դարպասապահը տեղում էր։ Խաղակեսի ավարտին մոտ Բիչախչյանը խաղադաշտի կենտրոնից փորձեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը՝ նկատելով, որ Գյունոկը բավականին առաջ էր եկել իր դարպասից․ բայց Վահանի հարվածից հետո գնդակը չհայտնվեց ցանցում։ Քիչ անց Վահանը ևս մեկ շատ վտանգավոր հարված կատարեց, բայց այս անգամ էլ նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Նաիր Թիկնիզյանի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Արտակ Դաշյանն աջ եզրից արած հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։
Մեր ընտրանու գոլից հետո թուրքերը սկսեցին ակտիվություն դրսևորել, որն իր գագաթնակետին հասավ 88-րդ րոպեին, երբ Յըլդըրմը հավասարեցրեց հաշիվը։
Մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացրեց 8 րոպե, որի ընթացքում երկու հավաքականներն էլ փորձում էին հաղթանակ կորզել, սակայն ապարդյուն։
Հարկ է նշել, որ Վարազդատ Հարոյանը 82-րդ րոպեին խախտեց կանոնները, պատժվեց դեղին քարտով և բաց կթողնի Խորվաթիայի դեմ սեպտեմբերի 11-ին կայանալիք հանդիպումը, գրում է armsport.am-ը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը խմբի 3-րդ հորիզոնականում է:
