Ծառուկյանն ասել է, թե ով կհաղթեր Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե ով կհաղթեր դիվիզիոնի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ հնարավոր մենամարտում, գրում է armsport.am-ը:
«Ո՞վ կհաղթեր. ես: Ինչպե՞ս կհաղթեի նրան. ամենայն հավանականությամբ՝ մրցավարների որոշմամբ։ Ո՞րն է իմ գլխավոր առավելությունը. իմ հմտությունները։ Ես ունիվերսալ մարտիկ եմ, շատ ավելի ունիվերսալ, քան նա»,- հայազգի մարտիկի խոսքն է մեջբերել բլոգեր Նավիդ Յուսուֆին իր սոցցանցերում:
Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում (Կատար) անցկացված UFC Fight Night 264 մրցաշարում, Ծառուկյանը խեղդող հնարքով ժամանակից շուտ հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։


