երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ ներդնելու և վարելու նպատակով կսահմանվի լիազորող նորմ

Սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ ներդնելու և վարելու նպատակով կսահմանվի լիազորող նորմ

Ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ, որի հիմքով ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքում կատարել լրացում և սահմանել լիազորող նորմ: Այս մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի հերթական նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ցանկացած ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև փաստերի հիման վրա քաղաքականություն մշակելու համատեքստում Հասմիկ Ավագյանը կարևորել է հավաստի վիճակագրական տվյալների հավաքումն ու ամփոփումը:

Նշվել է, որ մարզադպրոցների հավաստի վիճակագրական տվյալների առկայությունը, այդ թվում՝ մարզադպրոցի կոնտակտային տվյալները, գործող մարզաձևերը, խմբերի, պարապողների, մարզիչ-մանկավարժների թիվը, մարզադպրոցի սաների ցուցաբերած մարզական արդյունքները և այլ տեղեկություններն անհրաժեշտ են, որպեսզի սպորտով զբաղվելու ցանկություն ունեցողներին ճիշտ ուղղորդեն սիրած մարզաձևով զբաղվելու հարցում:

Տեղեկատվական համակարգում կարտացոլվեն մարզական զանգվածային միջոցառումներին վերաբերող տվյալներ:

Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի սպորտի զարգացմանը և մանկապատանեկան մարզադպրոցներին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգի ստեղծմանը:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: