ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հունիսի 5-ին, Ռումինիայի Քլուժ-Նապոկա քաղաքում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 80 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։

«Սա պարզապես մեդալ չէ։ Յուրաքանչյուր հաղթանակ պատմություն ունի՝ մարզումներ, հաղթահարված ցավ, թիմային աջակցություն ու անձնական պայքար։ Ուրախ եմ, որ կարողացա կրկին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։

Իմ սպորտային ճանապարհը բազկամարտում սկսվել է 2015 թվականից, երբ սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝

Եվրոպայի Պարա-բազկամարտի առաջնության հնգյակի, Աշխարհի Պարա-բազկամարտի առաջնության եռակի չեմպիոն և Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր։

Այսօրվա հաղթանակն էլ ևս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ։

Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հավատքի ու ուժ տվող խոսքերի համար։ Առջևում՝ նոր մարտահրավերներ»,- գրել է Սարգիս Ստեփանյանը։

ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանան վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։ Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: 

  • Կիսվել: