չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ռեալի ֆուտբոլիստն ավարտեց կարիերան ազգային հավաքականում

Ռեալի ֆուտբոլիստն ավարտեց կարիերան ազգային հավաքականում

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտարարել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին։ Այս որոշման մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում, գրում է armsport.am-ը:

«Որոշակի մտորումներից հետո ինձ համար ժամանակն է ավարտել կարիերաս ազգային հավաքականում և ճանապարհ զիջել երիտասարդ սերնդին։ Երբ 2014 թվականին առաջին անգամ կրեցի հավաքականի մարզաշապիկը, չէի էլ կարող պատկերացնել, որ արդյունքում 86 հանդիպում կանցկացնեմ գլխավոր թիմի կազմում։

Չնայած վերջին մրցաշարերում մեզ չհաջողվեց մեծ տիտղոս նվաճել, և մենք ստիպված եղանք բավականաչափ ցավալի պարտություններ կրել, այս ժամանակահատվածն ինձ համար դարձավ անհավանական յուրահատուկ մի գլուխ, որն ընդմիշտ կմնա ինձ հետ։

Հսկայական շնորհակալություն թիմակիցներիս՝ համատեղ յուրաքանչյուր պայքարի, հանդերձարանում և ճամբարում համախմբվածության ու, ամենակարևորը, այն ընկերության համար, որը կշարունակվի ֆուտբոլային դաշտի սահմաններից դուրս։

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին և անձնակազմին՝ երկարամյա վստահության և աշխատանքի համար։ Առանձնահատուկ շնորհակալություն Յոահիմ Լյովին, Հանսի Ֆլիկին և Յուլիան Նագելսմանին, որոնք ուղեկցել և ձևավորել են ինձ հավաքականում ունեցածս ճանապարհին, ինչպես նաև երիտասարդական հավաքականում իմ մարզիչ Հորստ Հրուբեշին։ Եվ, իհարկե, շնորհակալ եմ ձեզ՝ երկրպագուներիդ, աջակցության, հատկապես՝ տնային Եվրո-2024-ի անկրկնելի մթնոլորտի համար։

Այժմ ինձ համար սկսվում է նոր գլուխ, որտեղ ամբողջությամբ կենտրոնանալու եմ իմ ակումբային կարիերայի վրա»,- գրել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կազմում Ռուդիգերը բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: