հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռաֆինյայի վնասվածքը խայտառակություն է. Լապորտան խիստ քննադատել է ՖԻՖԱ-ին

Ռաֆինյայի վնասվածքը խայտառակություն է. Լապորտան խիստ քննադատել է ՖԻՖԱ-ին

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դժգոհություն է հայտնել ՖԻՖԱ-ի միջազգային խաղերի խիտ օրացույցի կապակցությամբ՝ անդրադառնալով թիմի եզրային հարձակվող Ռաֆինյայի ստացած վնասվածքին, գրում է armsport.am-ը:

Բրազիլացի վինգերը վնասվածք էր ստացել ԱՄՆ-ում կայացած Բրազիլիայի և Ֆրանսիայի հավաքականների ընկերական հանդիպման (1:2) ժամանակ:

«Ռաֆինյայի վնասվածքը խայտառակություն է։ ՖԻՖԱ-ն պետք է իր օրացույցը կազմի՝ հաշվի առնելով, որ այս խաղացողները հանդես են գալիս մեծ ակումբներում։ Սա ընկերական հանդիպում է, և թիմի լավագույն խաղացողներից մեկը վնասվածք է ստանում։ Իհարկե, դա շատ տհաճ է։
Ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել։

Նրանք պրոֆեսիոնալներ են և իրենց ողջ ուժերը նվիրում են հավաքականին։ Խնդիրը խիտ գրաֆիկի մեջ է, այն էլ մրցաշրջանի այն կարևորագույն հատվածում, երբ մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար։ Սա պարզապես վրդովեցուցիչ է», — Լապորտայի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր X-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռաֆինյայի ապաքինման համար կպահանջվի մոտ 5 շաբաթ։ Ամենայն հավանականությամբ, բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դիմակայությունները, որոնք նախատեսված են ապրիլի 8-ին և 14-ին։

 

  • Կիսվել: