Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 300 օր
Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 300 օր:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին առայժմ ունի 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետի երկայնքով:
Պատվիրակությունները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի Օլիմպիական խաղերում 32 մարզաձևում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս խաղերում նոր մարզաձև է լինելու՝ բրեյք դանսը: Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում և այլն: Այս խաղերում կաշխատի մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: