կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մոդրիչին ու ընկերներին հաղթել չհաջողվեց. Հայաստան-Խորվաթիա՝ 0-1

Մոդրիչին ու ընկերներին հաղթել չհաջողվեց. Հայաստան-Խորվաթիա՝ 0-1

Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի հետ տնային խաղի առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը խաղի 16-րդ րոպեին հեղինակել է խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ անկյունայինի խաղարկումից հետո մոտ տարածությունից գնդակն ուղարկեց Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Թվում էր՝ վերջինս գտնվում էր խաղից դուրս վիճակում, սակայն VAR-ի օգնությանը դիմելուց հետո հանդիպման գլխավոր մրցավարն արձանագրեց դարպասի գրավում:

Բաց թողած գոլից հետո մերոնք սկսեցին ավելի ակտիվ գործել ու հաշիվը հավասարեցնելու մի քանի պահ ունեցավ. նախ Սպերցյանի լավ հարվածից հետո գնդակը դուրս եկավ անկյունային, ապա Դաշյանը հեռահար հարվածով փորձեց սպառնալ Լիվակովիչի դարպասին, դեռևս սակայն ապարդյուն:
 

28-րդ րոպեին մեր թիմը տուգանայինի իրավունք վաստակեց, Լուկաս Սելարայանի հարվածից հետո դարպասապահը հեշտությամբ որսաց գնդակը:

 

Առաջին կեսում նաև մի քանի ուշագրավ միջադեպ գրանցվեց. նախ, դռոնի օգնությամբ խաղադաշտում հայտնեց Արցախի դրոշն ու երկրպագուների բացականչությունների ներքո մի քանի րոպե ֆուտբոլիստների գլխավերևում ծածանվելուց հետո դուրս բերվեց մարզադաշտից:

Ապա, հարավային տրիբունայում հավաքված երկրպագուների շրջանում սկսվեց ծեծկռտուք, որն աստիճանաբար մեծ թափ հավաքեց՝ ներգրավելով ավելի մեծ թվով մարդկանց: Պարեկների միջամտությունից հետո միայն կրքերը հանդարտվեցին:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին հյուրերը՝ աստիճանաբար մեծացնելով ճնշումն ու պահեր ստեղծելով մեր դարպասին: Մի քանի դարվագում մեր դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը շատ վստահ գործեց ու փրկեց մեր թիմին վերահաս գոլերից: Երկրրոդ կեսի միջնամասում հաշիվը հավասարեցնելու փորձեր կատարեցին Հայաստանի հավաքականի տղաները, ամենաիրական պահը, թերևս, փոխարինման մտած Նորբերտո Բրիասկոն ունեցավ, որը ,սակայն, 75-րդ րոպեին, վրիպեց նպաստավոր դիրքից:

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է 7 միավորով զբաղեցնել D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Խորվաթիան, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Թուրքիան նույնքան միավորով երկրորդ տեղում է:

  • Կիսվել: