Մեսսին ու Սուարեսը սեփական ֆուտբոլային ակումբ են հիմնել
Ամերիկյան «Ինտեր Մայամի»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ակումբի ստեղծման մասին, որը հանդես կգա Ուրուգվայական ֆուտբոլի չորրորդ դիվիզիոնում, այս մասին փոխանցում է championat.com-ը:
Սուարեսի բիզնես գործընկերը կլինի Լիոնել Մեսին։ Սուարեսի և Մեսիի ակումբը ստացել է «Դեպորտիվո LSM» անվանումը: «LSM» հապավումը երկու ֆուտբոլիստների անունների համադրությունն է ։
Մեսին «Ինտեր Մայամի»-ին է միացել 2023 թվականի ամռանը: Այս ընթացքում նա մասնակցել է 57 հանդիպման, որոնցում դարձել է 45 գոլի և 21 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Սուարեսը «Ինտեր Մայամի»-ի ֆուտբոլիստ է դարձել 2024 թվականի հունվարին: Նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 56 հանդիպման, որոնցում դարձել է 30 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: