երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով

Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումանն ընդառաջ՝ նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

(հարցեր Էդգար Սևիկյանին)

-Արդեն 2-րդ հավաքն եք անցկացնում ազգային հավաքականի կազմում: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք, ինչպիսի՞ն է համագործակցության մակարդակը:
-Կարող եմ ասել, որ ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, շատ լավ են ընդունել, շատ հյուրընկալ, համագործակցությունը տղաների հետ ստացվում է, ես ամեն ինչից գոհ եմ։

-Էդգա՛ր, վաղը Ձեր առաջին տնային խաղը կլինի հավաքականի կազմում։ Ինչպե՞ս եք պատրաստվում, և արդյո՞ք կա որևէ հուզմունք։


-Կա թեթևակի հուզմունք, բայց շատ լավ եմ պատրաստվել, ջանասիրաբար մարզվել եմ: Ամեն ինչ վաղը փորձելու եմ անել, որպեսզի ուրախացնեմ մեր երկրպագուներին։

-Ուելսի հավաքականի դեմ առաջին խաղին չես մասնակցել, բայց վստահ ենք, որ արդեն ուսումնասիրել ես թիմը։ Ի՞նչ տպավորություն է թողել Ուելսի հավաքականը:
-Ուելսը բավականին ուժեղ թիմ ունի, գրեթե բոլոր ֆուտբոլիստները ներկայացնում են Պրեմիեր լիգան կամ Չեմպիոնշիփը: Արդեն գիտեմ այդ թիմի ուժեղ և թույլ կողմերը, բավականին եռանդով և ջանասիրաբար մարզվել եմ և պատրաստ եմ վաղվա հանդիպմանը։

-Դուք Ձեր ակումբում խաղում եք կենտրոնական հարձակվողի դիրքում: Արդյո՞ք հավաքականում ձեզ հարմար է խաղալ այդ դիրքում, կամ հնարավո՞ր է մարզիչը ցանկանա ձեզ օգտագործել այլ դիրքում:


-Իրականում ակումբում չեմ խաղում այն դիրքում, որն ինձ հոգեհարազատ է, բայց ելնելով թիմի սխեմայից և մարտավարությունից, այդ դիրքը շատ ավելի հարմար է։ Հավաքականում պատրաստ եմ խաղալ այն դիրքում, որում մարզիչը նպատակահարմար կգտնի և թիմին մաքսիմալ օգուտ կկարողանամ բերել։

-Էդգա՛ր, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում  հավաքականի խմբային փուլը հաղթահարելու հնարավորությունը, որովհետև ի տարբերություն Հայաստանի, Ուելսը և Խորվաթիան ավելի լավ հնարավորություններ ունեն։ Կարծում եք՝ ի զորու՞ եք հաղթահարել դժվարությունները և, 2 հաղթանակ տանելով, պայքարել ուղեգրի համար:

-Պետք է ասեմ, որ 2 եզրափակիչ է մեզ սպասվում, բայց առաջին խաղը վաղն է Ուելսի հավաքականի դեմ: Բոլորս կենտրոնացած ենք խաղի համար։ Պետք է այդ խաղը հաջողությամբ ավարտենք և միայն հետո մտածենք Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպման մասին։

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Համարում ե՞ք, որ Հայաստանի հավաքականը վաղվա հանդիպման ֆավորիտն է, այն բանից հետո, երբ հաղթեցիք Ուելսի ընտրանուն 4։2 հաշվով։


-Ո՛չ ես այդպես չեմ կարծում։ Սա տարբերվող խաղ է լինելու։ Հիշե՛ք ընդմիշտ, որ կրկնվող խաղեր չեն լինում, ինչքան էլ որ մենք ցանկանանք։

-Քանի որ 2 թիմին էլ վաղը հարկավոր է հաղթանակ, կարծում եք, որ լինելու է բաց և դինամիկ հանդիպու՞մ։
-Բաց հաստատ չի լինի։ Չեմ կարող ենթադրել վաղվա խաղն ինչպես կանցնի։ Ես գուշակ չեմ։

-Ուելսի հավաքականը վերջին շրջանում ունեցել է բավականին լավ հանդիպումներ՝ հաղթելով Խորվաթիային և Լատվիային։ Կարծում ե՞ք, որ հավաքականն ունեցել է առաջընթաց, եթե համեմատենք այն թիմի հետ, որը խաղաց Հայաստանի դեմ ամռանը։
-Ինձ չի հետաքրքրում Ուելսի հավաքականը։ Ինձ միայն Հայաստանի հավաքականի արդյունքներն են հետաքրքրում։

-Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Ուելսի դեմ հունիսին։ Կարծու՞մ եք, որ լինելով Ուկրաինայի հավաքականի մարզիչ և արդեն մեկ խաղ անցկացնելով Ուելսի դեմ, օգնել է Ձեզ հասկանալ, թե ինչպես հաղթել այս խաղում։


-Ես վաղուց փակել եմ անցյալի այդ էջը։ Ուկրաինայի հավաքականի հետ մենք պարտվել ենք, Հայաստանի դեպքում՝ հաղթանակ տարել։ Երկուսն էլ շատ տարբեր խաղեր են եղել։

-Պարո՛ն Պետրակով, առաջին հանդիպումը երկրպագուների հուշերում շատ թարմ է։ Այս հանդիպման համար ի՞նչ տարբերակներ կան, որպեսզի կարողանանք կրկին անակնկալի բերել մրցակցին արդեն տանը։


-Տարբերակներ միշտ կան, բայց որևէ մարզիչ այդ մասին խաղից առաջ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին չի պատմում։

-Պարո՛ն Պետրակով, Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո, ցավոք, չունեինք հնարավորություն Ձեզ հարցեր ուղղելու։ Այդ խաղին Դուք գրեթե ոչ մի նոր ֆուտբոլիստ չփորձարկեցիք։ Ի՞նչ տվեց այդ խաղը Հայաստանի հավաքականին, և արդյո՞ք մրցակիցն ընտրված էր՝ հաշվի առնելով առաջիկա Ուելսի դեմ խաղը։ Ի՞նչ կարողացաք փորձարկել այդ խաղում Հայաստանի հավաքականի հետ, որը կօգնի Ուելսի և Խորվաթիայի դեմ խաղերում հաղթանակ տանել։

-Առանձնակի ընտրության հնարավորություն չենք ունեցել ընկերական խաղի համար, քանի որ բոլոր հավաքականները զբաղված էին, և մենք խաղացել ենք այն թիմի հետ, որը պատրաստ էր մեզ հյուրընկալել և ազատ էր խաղային օր ունենալու համար։ Ինչ վերաբերում է նոր խաղացողներին, ցավոք սրտի կարող եմ ասել, որ Հայաստանում այնքան էլ շատ չեն տաղանդները և հրավիրվում են այն ֆուտբոլիստները, ովքեր համապատասխանում են Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մակարդակում խաղալուն։

-Այս անգամ ևս Խորեն Բայրամյանը չի հրավիրվել հավաքական: Ո՞րն է այս որոշման պատճառը։ Կխնդրեի նույն հարցին պատասխանել նաև Տիգրան Բարսեղյանի վերաբերյալ։

-Խորեն Բայրամյանը հրավիրվել է հավաքական։ Առաջին հավաքին, ունենալով որոշակի անհանգստություններ, մեկնել է հավաքականից, իսկ 3 օր հետո խաղացել Ռոստովի հավաքականի կազմում ամբողջական հանդիպում։ Երկրորդ հավաքին կրկին հրավիրվել է, մարզման ժամանակ վնասվածք ստացել և, չուզենալով նայել իր բժշկական հետազոտության արդյունքները, կրկին մեկնել է Ռոստով։ Ես նրան հաջողություն եմ մաղթել։
Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, ես կցանկանայի նշել, թե ինչ հատկանիշներով պետք էօժտված լինի փորձառու ֆուտբոլիստը և ինչ պետք է տա նա ազգային հավաքականին։
Առաջին հերթին պետք է կարողանա հարց լուծել խաղադաշտում։ Երկրորդ հերթին պետք է կարողանա օրինակ ծառայել երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչը չեմ տեսել նախորդ հավաքի ընթացքում։ Եվ երրորդ՝ այդ դիրքի համար ես ունեմ խաղացող 4 ֆուտբոլիստ։ Նրանք են ` Բիչախչյանը, Սևիկյանը, Սերոբյանը և Բարսեղյանը։ Ես այս անգամ ընտրությունը կատարել եմ երիտասարդների օգտին։

-Լատվիայի դեմ խաղից հետո Դուք նշեցիք, որ դեռ այդ խաղի առավոտյան Ձեզ արդեն դուր չէր եկել ֆուտբոլիստների տրամադրվածությունը։ Ինչպիսի՞ն է թիմի տրամադրվածությունը այս խաղից առաջ։

-Առավոտյան նախավարժանքի ժամանակ նկատել էի, որ ֆուտբոլիստները ուրախ էին և կատակում էին, ինչն ինձ այնքան էլ դուր չէր եկել, քանի որ ես ֆուտբոլիստներից հավաքվածություն և կենտրոնացում էի ակնկալում։ Բացի դրանից այնտեղ՝ անմիջականորեն մարզադաշտում, խնդիրներ կային, քանի որ սկզբից մարզման համար մեզ խաղադաշտ չէին տրամադրում և հետո արդեն չէին թողնում անցկացնել նախավարժանքները։ Եվս մեկ բաղկացուցիչ, որ նկատել եմ  խաղից հետո, այն էր, որ ֆուտբոլիստները դաշտից դուրս են եկել սպիտակ մարզաշապիկներով և գրեթե որևէ մեկը կեղտոտված չի եղել: Այսինքն կարծում եմ, որ այնքան էլ լավ չենք պայքարել ու զիջել ենք մենապայքարներում: Այդ իսկ պատճառով էլ պարտվել ենք։
Ուելսի հավաքականի դեմ խաղի հետ կապված ես ֆուտբոլիստներին ասել եմ, որ այս խաղով ֆուտբոլիստները հնարավորություն ունեն պատմություն կերտելու, որովհետև խաղում ենք սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցությամբ և ունենք հնարավորություն փորձելու նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Սա հենց պետք է լինի նրանց գլխավոր մոտիվացիան, և ես հուսով եմ, որ վաղվա խաղում այդպես էլ կլինի և կփորձենք հաղթել ինչպես մենապայքարները, այնպես էլ ամբողջ խաղը։

-Պարո՛ն Պետրակով, ինչպե՞ս կգնահատեք Արտակ Դաշյանի և Հովհաննես Հարությունյանի մարզավիճակը:

-Չեմ ցանկանա որևէ մեկին վիրավորել, բայց Հայաստանի առաջնությունը մակարդակով մի փոքր զիջում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։ Երկու ֆուտբոլիստներն էլ եկել են շատ լավ կարգավիճակում. Հովհաննես Հարությունյանի հետ ես մեծ հույսեր եմ կապում, իսկ Արտակ Դաշյանը փորձում է օգուտ բերել թիմին, սակայն ես նրան խնդրել եմ լինել ավելի հավասարակշռված, ուղղակի կատարել իրեն տրված առաջադրանքը, որից հետո ես միայն գոհ կլինեմ։

  • Կիսվել: