Մեր երկրի ղեկավարության մեծ մասի կարծիքով օլիմպիական խաղերը «շտանգի կամ բարբայի» մրցումներ են, որտեղ պետք է գնալ ու անպայման ոսկե մեդալ բերել. Աբրահամյան
Մեր պետությունը չունի հստակ սպորտային քաղաքականություն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հիմնահարցերի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության հրավիրած քննարկմանն ասաց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
«Մեր երկրում շատ սխալ պատկերացումներ կան սպորտի և ֆիզկուլտուրայի մասին։ Կարող եմ անդրադառնալ օլիմպիական պարալիմպիկ խաղերին. մեր երկրի ղեկավարության մեծ մասի կարծիքով օլիմպիական խաղերը «շտանգի կամ բարբայի» մրցումներ են, որտեղ պետք է գնալ ու անպայման ոսկե մեդալ բերել»,-ասաց Աբրահամյանը։
Տարբեր երկրների օրինակներ վկայակոչելով, Հակոբ Աբրահամյանն ասաց, որ տենդենց կա, որ պարամարզաձևերը ներգրավվեն սովորական մարզաձևերի հետ։
«Ֆեդերացիաների նախագահները պետք է մտածեն, որ իրենք, ի վերջո, զբաղվելու են հաշմանդամություն ունեցող մարզիկներով, և շատ վատ է, եթե մինչ այժմ չեն մտածել։ Իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սպորտի ուղղությամբ կաղում է, որովհետև պատանիների, երիտասարդների շրջանում գնալով մեծ չափերի են հասնում թմրամիջոցներ օգտագործելու խնդիրները»,-ասաց Հակոբ Աբրահամյանը։


