Մարմնամարզության հավաքականի միասնականությունը գալիս է մարզիչներից. Մամիկոն Խաչատրյան
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը հստակ քայլերով, առանց կտրուկ անկումների ու տատանումների անցնում է սերնդափոխության փուլը: Սովորելով ավագներից, տեսնելով նրանց անցած ճանապարհը ու լինելով պրոֆեսիոնալ մասնագետների աչքի առաջ` երիտասարդ մարմնամարզիկներն անցնող տարում վստահ քայլերով «մուտք գործեցին» մեծահասակների մրցաշարեր:
«Արմենպրես»-ը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանի հետ զրուցել է անցնող տարվա ձեռքբերումներից, մեծահասակների առաջնությունների առանձնահատկություններից, Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականում տիրող միասնականության մթնոլորտի մասին։

-Մամիկոն, մինչ կսկսենք մեր զրույցը, թույլ տվեց շնորհավորել աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ս է սկսվել Ձեր ճանապարհը մարմնամարզությունում:
-Ես սկսել եմ մարմնամարզությամբ զբաղվել 5 տարեկանից, երբ մայրս որոշեց, որ ինձ պետք է տանի մարմնամարզության: Շատ աշխույժ երեխա եմ եղել, ու մայրս որոշել է, որ էներգիաս սպառեմ հենց մարմնամարզությամբ զբաղվելով: Մեր ընտանիքում սպորտով զբաղվող որևէ այլ մարդ չկա: Սկզբնական շրջանում ծնողներս չեն մտածել, որ կխորացնեմ մարզումներս ու պրոֆեսիոնալ կերպով կզբաղվեմ մարմնամարզությամբ: Սակայն ամեն ինչ հետագայում փոխվեց, երբ մարզիչները տեսան, որ ներուժ ունեմ ու կարող եմ առաջ գնալ այս մարզաձևում:
-Այս տարին Ձեզ համար քայլ էր դեպի մեծահասակների մրցաշար, քանի որ տարվա մեկնարկին մասնակցեցիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ու դարձաք արծաթե մեդալակիր: Ինչպե՞ս կգնահատեք մրցակցությունը:
-Մեզ համար Եվրոպայի այս տարվա առաջնությունը մեծահասակների առաջին մրցաշարն էր: Դրանից առաջ մասնակցել էինք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը ևս պրոֆեսիոնալ մրցաշար էր, որտեղ այդքան էլ լավ ելույթ չէի ունեցել: Ու Եվրոպայի առաջնությունում լավ ելույթը ինձ լրացուցիչ ինքնավստահություն հաղորդեց: Մեծահասակների և երիտասարդների մրցաշարերում տարբերություն, իհարկե, կա: Մեծահասակների մրցաշարերում ամեն ինչ ավելի լարված է, մեծ է պատասխանատվությունը, ու մրցակցությունն էլ շատ բարձր է:
-Մամիկոն, Ձեզ հետ նույն վարժությունում հանդես է գալիս նաև Համլետ Մանուկյանը, ու ինձ համար ձեր ընկերությունը իսկապես բացառիկ է: Պատմեք ձեր ընկերության մասին:
-Սպորտում մենք մրցակիցներն ենք, բայց կյանքում մենք շատ լավ ընկերներ ենք, ու մեզ համար առաջնայինը մեր ընկերությունն է: Մեկս մյուսի հաջողությամբ ուրախանում ենք, ինչպես կուրախանանք սեփական հաջողության համար։ Միշտ ձգտում ենք կիսել առաջին ու երկրորդ տեղերը:
-Մարմնամարզության հավաքականն իսկապես ինքնատիպ օրինակ է միասնականության ու փոխադարձ հարգանքի առումով: Ինչի՞ հետ եք Դուք դա կապում:
-Մարմնամարզության հավաքականի միասնականությունը գալիս է մարզիչներից: Մենք սովորել ենք այն, ինչ տեսել ենք մեր մարզիչների ու մեր ավագ թիմակիցների մոտ: Մենք ստացել ենք հենց այդպիսի դաստիարակություն: Գիտենք, որ հաջողության կհասնենք մեր միասնականության շնորհիվ:
-Մամիկոն, աշխարհի առաջնությունում Դուք դարձաք արծաթե մեդալակիր: Վիճակահանությամբ հանդես եկաք վերջինը, ու Ձեզնից առաջ փոքրիկ վրիպակ էր ունեցել Համլետ Մանուկյանը: Ինչպե՞ս եք Դուք հիմա հիշում այդ առաջնությունը:
-Գիտեք, մեր մարզիչը` ընկեր Հակոբը, մեզ միշտ ասում է, որ եթե ձեզնից մեկը թերանում է, ապա մյուսը պետք է երկուսի փոխարեն աշխատի` լուծելով ընկերոջ «վրեժը»: Ես էլ աշխարհի այս առաջնության ժամանակ կենտրոնացա ու այլ բանի մասին չէի մտածում` փորձեցի ներդնել ամբողջ ուժս:
-Որն է Ձեզ համար մարմնամարզության գեղեցկությունը, որը, գուցե, սիրողական աչքով դիտողի համար անտեսանելի է:
-Կարծում եմ` մարմնամարզության գեղեցկությունը տարրերի ճշգրտության մեջ է: Մարմնամարզությունում ամեն մի փոքր քայլը, ամեն միլիմետրը կարող է ճակատագրական լինել:
-Ինչի՞ մասին եք երազում հիմա` Ձեր մարզական կարիերայի մեկնարկում:
-Ինչպես բոլոր մարզիկների դեպքում է, իմ երազանքն էլ Օլիմպիական խաղերին մասնակցելն ու մեդալակիր դառնալն է: Բայց հիմա հասկանում եմ, որ գնալով պատասխանատվությունը մեծանում է, ու ես պիտի ավելի քրտնաջան աշխատեմ։ Ու շատ կարևոր է, որ վնասվածքներ չստանամ:
-Շնորհակալ եմ, անկեղծ զրույցի համար:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1234583


