ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կատալոնական ռումբ. Տեր Շտեգենը լքում է Բարսելոնան և տեղափոխվում մրցակցի ճամբար

Կատալոնական ռումբ. Տեր Շտեգենը լքում է Բարսելոնան և տեղափոխվում մրցակցի ճամբար

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը տեղափոխվում է «Ժիրոնա». վարձակալության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին։ Այս մասին գրում է Sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը:

Այն, ինչ վաղուց սպասելի էր, այսօր ստացավ իր հաստատումը։ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վարձավճարով կտեղափոխվի Միչելի գլխավորած «Ժիրոնա»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Տեղափոխության հիմնական նպատակը խաղաժամանակ ստանալն է, ինչը թույլ կտա դարպասապահին պայքարել 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահի դիրքի համար։

«Բարսելոնայի» ավագն այսօր առավոտյան մարզաբազայում արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին։ Այս տեղեկությունը Չեմպիոնների լիգայի շրջանակում Պրահայի «Սլավիայի» դեմ կայանալիք խաղից առաջ հաստատել են Ալեխանդրո Բալդեն և Հանսի Ֆլիկը։

Հատկանշական է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչը սկզբում փոքր-ինչ զարմացավ դարպասապահի ապագայի վերաբերյալ հարցից՝ ճշտելով, թե արդյոք տեղափոխությունն արդեն պաշտոնապես հաստատվել է։ Լրագրողները հայտնեցին, որ րոպեներ առաջ նույն մամուլի սրահում այդ մասին հայտարարել է Ալեխանդրո Բալդեն, ով ընտրվել էր որպես մամուլի հետ շփվող ֆուտբոլիստ։

Առաջինը լուրը հաստատեց Ալեխանդրո Բալդեն.

«Այս առավոտ նա խոսեց ամբողջ թիմի հետ՝ հրաժեշտ տալու համար։ Նա ինձ համար ուղենիշ է, ես մեծացել եմ՝ հետևելով նրան, նա իմ ավագն է։ Հաջողություն եմ մաղթում նրան, սա լավ կլինի նրա ինքնավստահության համար»։

Այս խոսքերից հետո գերմանացի դարպասապահի տեղափոխությունը «Մոնտիլիվի» կարելի էր փակված համարել, ուստի Հանսի Ֆլիկին ուղղված հարցն անխուսափելի էր։

Տեղեկանալով, որ ձախ պաշտպանն արդեն բացահայտել է իրավիճակը, Ֆլիկը ծիծաղելով արձագանքեց.

«Եթե Բալդեն հաստատել է, ուրեմն հաստատված է»։

Այնուհետև գլխավոր մարզիչը անդրադարձավ իր հայրենակցի ապագային՝ մաղթելով նրան լավագույնը.

«Մարկն այս առավոտ մեզ ասաց, որ գնում է «Ժիրոնա»։ Նա ֆանտաստիկ դարպասապահ է, բայց մենք որոշեցինք այլ ճանապարհով շարժվել։ Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Նա փայլուն անձնավորություն է»։

Ֆլիկը նաև կարծիք հայտնեց, որ Տեր Շտեգենը մեծ հնարավորություններ ունի դառնալու Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը գալիք Մունդիալում։ Նա հաջողություն մաղթեց իր երկրի հավաքականին, որը ոչ վաղ անցյալում ինքն էր գլխավորում, թեև այն ժամանակ «Բունդեսթիմը» չկարողացավ հաղթահարել խմբային փուլը՝ մրցելով Իսպանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի ընտրանիների հետ։

  • Կիսվել: