«ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում մարզաձևերի ցանկը կարող է ընդլայնվել
«ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը կանցկացվի մայիսի 28-ին Շորժայում: Մասնակիցները պետք է հաղթահարեն 40 կմ տարածությունը: Սահմանված է երկու տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք, 41 տարեկանից բարձր տղամարդիկ:
«Մասնակցության հայտեր ունենք, մարդիկ ակտիվորեն հետաքրքրվում են: Ասեմ, որ դիմումների համար դեռ ժամանակ կա, մասնակցել ցանկացողները պետք է շտապեն»,-ասաց Սերգեյ Աբրահամյանը:
Դրամական մրցանակներ նախատեսված են 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցների համար: 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000-ական ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000-ական ՀՀ դրամ:
Հուլիսի վերջ նախատեսված է անցկացնել լողի սիրողական մրցաշարը: Տարին կեզրափակվի մեծահասկաների համար նախատեսված խճուղավազքով:
«ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 4 մարզաձևով է անցկացվում մրցաշար (թենիս, հեծանիվ, լող, վազք): Սերգեյ Աբրահամյանը տեղեկացրեց, որ տարվա վերջում արդյունքներն ամփոփելուց հետո, հնարավոր է, ցանկը վերանայվի, և նոր մարզաձևեր ավելացվեն, որպեսզի մեծ մասսայականություն ապահովվի: