Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները
Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:
«Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույնները՝ հատուկ սահմանված հուշանվերներով։ «Պրո Լիգա 2024-2025» առաջնության ամենաարժեքավոր խաղացող է դարձել ՖԻՄԱ թիմի հարձակվող Աշոտ Բալաբեկյանը։
Վոլեյբոլի կանանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը մեկնարկել է 2024 թվականի աշնանը, որի առաջին փուլը կայացել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջնությանը մասնակցել են 6 թիմեր, որոնք լիգայի երկու փուլերի արդյունքներով իրավունք պետք է ստանային մասնակցելու եզրափակիչ փուլին, որտեղ արդեն կմրցեին չորս լավագույն թիմերը:
Առաջնության երկրորդ փուլը կայացել է Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցում: Լիգայի նախորդ տարվա չեմպիոն «Վանը» և Կոտայքի «Գեղաշեն» թիմերը դուրս են մնացել հետագա պայքարից, իսկ ԽՄՕՄՄ, «Ավան», ՖԻՄԱ և ԲՊՀ թիմերը շարունակել են պայքարը մայիսին Երևանում անցկացված փլեյ օֆֆ փուլում:
Մայիսի 28-31-ին և հունիսի 1-ին Երևանում կայացած եզրափակիչ փուլում ԽՄՕՄՄ թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին և հռչակվել է «Պրո Լիգա 2024-2025» կանանց վոլեյբոլի չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ավան» թիմը, որը համալրված է ավելի շատ երիտասարդ և հեռանկարային մարզիկներով, իսկ երրորդ տեղ գրավել է Երևանի Վ.Բրյուսովի անվան համալսարանի կանանց թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույները՝ հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: