ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի պարահոկեյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում  կայացան հոկեյի բարեգործական խաղեր․ Հայաստանի պարահոկեյի հավաքականը, բաժանվելով երկու թիմի, ցուցադրեց ընկերական խաղ, իսկ «Երևանի առյուծներ» թիմը մրցեց Երևանի սահմանապահ վարչության «Շնաձկներ» թիմի հետ՝ հաղթելով 16:10 հաշվով: Միջոցառման նպատակն էր ֆինանսապես աջակցել Պարահոկեյի Հայաստանի հավաքականին, որը 2022 թվականի դեկտեմբերին մասնակցելու է Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Հանգանակված ամբողջ հասույթը կհատկացվի Հայաստանի պարահոկեյի հավաքականին՝ անհրաժեշտ սպորտային պարագաներ ձեռք բերելու և Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը լավագույնս ներկայանալու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր մարզադպրոցի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աջակցությամբ: 

Նրա խոսքով՝ պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ նախատեսում են մի շարք այլ միջոցառումներ կազմակերպել: Կարևորում են բնակչության հավասար հնարավորությունները: 

«Այսօր նաև լավ հնարավորություն է, որպեսզի մեր հավաքականը Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը շատ ավելի բարձր մակարդակով ներկայանա»,- ասաց Սիմոնյանը: 

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց՝ կարևորում է նման նախաձեռնությունները: Նրա համոզմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի ազատամիտ են. փորձում են իրենց ուժերը ամեն սպորտաձևում: Հաշմանդամային սպորտը Հայաստանում զարգացնելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ:

«Մարզադպրոցի ղեկավարության հետ համագործակցության նոր աստիճանի ենք հասել: Հայաստանի ազգային Պարալիմպիկ կոմիտեն դիմում է ներկացացրել, որի համաձայն խնդրել ենք հաշմանդամություն ունեցող կին հոկեյիստների միջազգային հավաքը և 2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնել: Երկու հայտերն էլ արդեն ներկայացրել ենք»,- եզրափակեց նա:

Միջոցառմանը ներկա էին  Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ և այլք:

  • Կիսվել: