Հայ ըմբիշը ԱԱ-ի 1/4 եզրափակչում պարտվեց կասկածելի մրցավարության հետևանքով
Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը (51 կգ) մոտ էր Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուն: Սակայն հայ ըմբիշին խանգարեց մրցավարությունը, գրում է Սպուտնիկ Արմենիան:
Գևորգը մրցաշարին միացել էր 1/8 եզրափակչից՝ այդ փուլում հաղթելով հունգարացի Շանդոր Կուդրիին: Քառորդ եզրափակչում Հարությունյանի մրցակիցը ադրբեջանցի Աբդուռահման Հուսեյնլին էր:
Մրցամարտի ընթացքում պարտվելով 3:4 հաշվով՝ Գևորգը կարողացավ երկու միավոր վաստակել: Մարտի ավարտից մեկ րոպե առաջ Հարությունյանը գրանցեց մեկ միավորի տարբերությամբ (5:4) հաղթանակ: Ադրբեջանցի ըմբիշի մարզչական շտաբը բողոքարկեց մրցավարի որոշումը։ Դիտելով տեսագրությունը՝ կողային մրցավարները ոչ այնքան հասկանալի որոշում ընդունեցին և հանեցին Գևորգի երկու միավորները։ Արդյունքում մրցամարտն ավարտվեց 6:4 հաշվով՝ հօգուտ մրցաշարի տանտիրոջ ներկայացուցչի:
Այսօր երեկոյան աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար կպայքարեն Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Վազգեն Մնացականյանը (65 կգ):
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Հայաստանը ներկայացված է 16 ըմբիշով:


