ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթում

Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթում

Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանում մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) Աշխարհի ռեկորդով դարձել է բացարձակ հաղթող, պատանիների պայքարում էլ ոսկե մեդալ է նվաճել Աշոտ Պետրոսյանը (90 կգ):

Մեծահասակների պայքարում հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալի են արժանացել Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:

Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ):

Կանանց պայքարում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել: Հայ մարզիկները մրցավայր են մեկնել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունում:

  • Կիսվել: