Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Էմին Օհանյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։
Միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել են 6 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 6-րդ, 7-րդ և 8-րդ հորիզոնականները: Ռուդոլֆ Փաշիկյանը առաջնության շրջանակում նաև լրացրել է միջազգային վարպետի (IM) իր երկրորդ նորման:
Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը և միջազգային վարպետ Արսեն Դավթյանը վաստակել են 5.5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Անդրեասյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը՝ 3.5 միավոր:
Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը վաստակել է 5.5 միավոր և կիսել 9-11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և Անգելինա Միրաքյանը վաստակել են 5 միավոր, իսկ Էմմա Մխիթարյանը՝ 3 միավոր:
Առաջնությունում իրենց վարկանիշները զգալիորեն բարելավել են Անգելինա Միրաքյանը (+125,2 կետ) և Նվարդ Հայրապետյանը (+92,8 կետ):



