Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն․ Ծառուկյանը՝ Չիմաևին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանն անդրադարձել է իր ընկերոջ՝ միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Խամզաթ Չիմաևի կրած պարտությանը: Հայ մարտիկը սոցիալական ցանցերում աջակցել է ԱՄԷ-ն ներկայացնող չեչեն մարզիկին՝ ակնարկելով, որ մրցավարների որոշումն արդարացի չէր:
«Մենք մինչև վերջ մարտնչեցինք, և բոլոր հետևողները գիտեն, թե իրականում ինչ տեղի ունեցավ: Գլուխդ բարձր պահիր, չեմպիոն: Դու շուտով կվերադարձնես գոտիդ»,- գրել է Ծառուկյանը:
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) պարտվել էր ամերիկացի Շոն Սթրիքլենդին: Այս հանդիպման արդյունքով Չիմաևը զրկվեց չեմպիոնական գոտուց և կրեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը նախորդ 15 անընդմեջ հաղթանակներից հետո:


