Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է այս տարի լրանում, նա չի կարող ՀԱՕԿ նախագահ լինել. Արայիկ Հարությունյան
Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ. շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահի պաշտոնին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Հիմա իրենք փորձում էին, այսպիսի հնարքներով, ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ՀԱՕԿ–ի ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ–ը»:
Ի պատասխան լրագրողների հիշեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ 65–ն ի՞նչ տարիք է, թոշակառուները կարող են աշխատել, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունն այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 8-ին դիմել է դատարան, պահանջում է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները դադարեցնեն, անվավեր ճանաչեն 2025-ի սեպտեմբերի 9-ից հետո նրա բոլոր որոշումներն ու գործողությունները, վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել։


