Արոնյանը պարտությամբ ավարտեց FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարը
Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով է ավարտվել Մայամիում անցկացված շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարը։
Վերջին տուրում (7-րդ) Կարլսենը թայ-բրեյքում 2:4 հաշվով պարտվել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, սակայն 16 միավորով գրավել է առաջին տեղը։ Ռամեշբաբու Պրագնանանդհան հետ է մնացել 1 միավոր։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) վերջին տուրում 1,5:2,5 հաշվով պարտվել է հոլանդացի Անիշ Գիրիին եւ 8 միավորով գրավել 6-րդ տեղը։
FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։