շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ֆոկուս» չեմ կարող անել եւ երկու տարում չեմ կարող մեծ արդյունքի հասնել․ Օզբիլիս

«Ֆոկուս» չեմ կարող անել եւ երկու տարում չեմ կարող մեծ արդյունքի հասնել․ Օզբիլիս

Ես պատրաստ եմ աշխատել, բայց «ֆոկուս» չեմ կարող անել եւ երկու տարում չեմ կարող մեծ արդյունքի հասնել:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունը, որի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիսը:

Լրագրողների հետ հանդիպմանը Արաս Օզբիլիսը ներկայացրեց իր ծրագիրը, հայկական ֆուտբոլի զարգացման իր մոդելը:

«Ես այսօր ներկայացնում եմ իմ տեսլականը: Ինձ համար շատ կարեւոր է, որ բոլորին հասանելի ու հասկանալի լինի իմ տեսակետը: Իմ ծրագիրն ամբողջական արդեն ներկայացված է իմ պաշտոնական կայքում, բայց այսօր կներկայացնեմ մի քանի կարեւոր կետ:

Առաջնային խնդիրներից են ֆեդերացիայի պարտականությունները: Ֆեդերացիան պետք է ապահովի մեր ֆուտբոլը, ստեղծի պայմաններ բոլորի համար, ապահովի հարգանք դաշտի մեջ եւ դաշտից դուրս, անվտանգություն եւ կրի բոլոր հավաքական թիմերի պատասխանատվությունը:

Մասսայական եւ մանկապատանեկան ֆուտբոլն եմ կարեւորում: Երբ տուն ես կառուցում, սկսում ես  հիմքից: Ես ծնող եմ եւ ունեմ 6 տարեկան երեխա: Ո՞ւր տանեմ իմ երեխային: Միայն կարող եմ տանել «Փյունիկ», «Ուրարտու» եւ Ավանի ակադեմիա: Սա շատ քիչ է մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար: Ավանի ակադեմիայիում 1500 երեխա կա: Սա կարող ենք բաժանել երեք խմբի, տալ ոչ թե մեկ տնօրենի, այլ երեք տնօրենի: 1500 երեխայի մեկն է ղեկավարում: 

Մեկ այլ խնդիր է խաղերի պակասը: Մանկապատանեկան ֆուտբոլում շատ քիչ են մրցաշարերը: Խաղը, մրցումները, մարզումների քննությունն են: Ինչ էլ անես, քննություն պետք է ունենաս: Չի կարող լինել քիչ մրցումներ: Լսել եմ, որ ասում են, որ պետք է ունենանք շատ միջազգային մրցումներ, բայց պետք է սկսենք ներքին մրցաշարերից:

Շատ կարեւոր է համագործակցել դպրոցների հետ: Բոլորը գիտեն, որ ես «Այաքսի» ակադեմիայում եմ եղել: Այնտեղ, եթե լավ չսովորեիր, չէի կարող ֆուտբոլ խաղալ: Ակումբները պետք է ունենան իրենց ներկայացուցիչները, որոնք աշխատում են դպրոցների հետ: Մարզիչ-ֆուտբոլ-դպրոց կապը շատ ամուր պիտի լինի: Մեր նպատակը միայն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ունենալը չէ:

Այս պահին մարզերից շատ քիչ մարզիչներ ունենք: Գումարային առումով պետք է հասանելի լինի: Մեր մարզիչները պետք է համագործակցեն այն երկրների հետ, որոնք համապատասխանում են մեր պայմաններին: Հնարավորությունը պետք է համապատասխանի Հայաստանին: Պետք է ունենանք ենթակառուցվածքներ, ստանդարտ մարզադաշտեր:

Ենթակառուցվածքները նաեւ պետք է ունենան վերականգնողական կենտրոններ: Դրանց մեջ պիտի ունենանք ապագա ֆուտբոլիստներ: Հավաքական եկող 13-14 տարեկաններ ֆուտբոլիստների առողջության պատմությունները պետք է ունենանք այդ վերականգնողական  կենտրոններում:

Պրոֆեսիոնալ լիգան եմ կարեւորում: Եթե ունենանք լիգա, ֆեդերացիայի գործը թեթեւանում է: Գուցե սկզբում դժվար լինի, բայց հետագայում ավելի հեշտ կլինի: Գիտենք, որ ֆուտբոլը կոմերցիոն մարզաձեւ է, բայց ֆեդերացիան շատ կոմերցիոն պիտի չլինի: Շատ եմ լսել, որ ասում են մեզ պետք է պրոֆեսիոնալ լիգա, բայց չեն ասում թե ինչու, չեն բացատրում:

Ասում են, որ մրցավարությունը խնդիր է մեզ համար: Քանի որ մեր ստադիոնները դատարկ են, յուրաքանչյուր մրցավարական դրվագ, լսվում է եւ ազդում է մրցավարի վրա: Ամեն ինչ լսվում է, ուզի չուզի: Մրցավարներին պետք է անպայման պարտադրենք բացատրել թե այդ մրցաշրջանում ինչի վրա են ուշադրություն դարձնում: Այն ակումբներում, երկրներում որտեղ ես խաղացել եմ, այդ մոդելն է եղել:

Նաեւ կարեւորում եմ կանանց ֆուտբոլը: Հայաստանում կանանց ֆուտբոլի նկատմամբ կարծրատիպ կա: Ամբողջ աշխարհում կանանց ֆուտբոլը շատ արագ զարգանում է, բայց մենք շատ հենք այդ ընթացքում:

Սա իմ ընդհանուր տեսլականն է: Ասում եմ՝ տեսլական, քանի դեռ ֆեդերացիայի նախագահը չեմ:

Համաձայն եմ, որ մարզիչների աշխատավարձն այնպես պիտի լինի, որ միայն դրանով կարողանան զբաղվել: Ֆուտբոլով պիտի զբաղվեն նրանք, որոնք սիրում են ֆուտբոլը:

Ֆեդերացիայի աշխատանքը պետք է հավասար լինի: Չի կարող լինել այնպես, որ ֆեդերացիան մի ակումբի հետ լավ աշխատի, շատ աշխատի, մյուսի հետ քիչ: Ֆեդերացիայի աշխատանքը պետք է լինի բաց եւ թափանցիկ: Իսկ ես գտնում եմ, որ ֆեդերացիայի ներկայիս աշխատանքը թափանցիկ չէ: Եթե ֆեդերացիայի աշխատանքը թափանցիկ լինի, շատ հարցեր հեշտ կլուծվեբ»,- ասաց Արաս Օզբիլիսը:

  • Կիսվել: