Եվրոպայի առաջնությունում մեր գրանցած արդյունքները գերազանց էին. Հակոբ Սերոբյան
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Եվրոպայի առաջնությունում ընտրանու արդյունքը գերազանց որակեց:
«Եվրոպայի առաջնությունում մեր գրանցած արդյունքները գերազանց էին: Մեր սպասելիքներից ավելի բարձր եղավ: Մենք միայն երկու մեդալի ակնկալիք ունեինք, սակայն ունեցանք 4-ը: Եվրոպայի այս առաջնությունում մրցակցությունը շատ բարդ էր: Արթուր Դավթյանի մասին կարող եմ ասել, որ լիահույս եմ՝ նա կլինի 2028 թվականի Օլիմպիական խաղերում և կկատարի վարժությունն այս կերպ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերոբյանը:
Մարզիչը խոսեց նաև Եվրոպայի արդեն եռակի չեմպիոն Արթուր Դավթյանից` շեշտելով` Եվրոպայի այս առաջնությունում Դավթյանն արեց անհնարինը:
«Արթուրը ծնկի խնդիր ունի և եզրափակչից առաջ նա պարզապես չէր կարողանում անգամ կանգնել: Այստեղ պետք էր իսկական կամքի ուժ ու իսկական հայ լինելը: Նրա դեր շատ մեծ է հավաքականում: Ես պարզապես հպարտ եմ, որ այս տեսակ տղա ունենք մեր ազգում: Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն արել են այն, ինչը կարող էին անել: Այս առաջնության արդյունքներում շատ մեծ դեր խաղաց Գերմանիայում անցկացրած ուսումնամարզական հավաքը: Գերմանացիներն իսկապես ամեն ինչ արել են մեզ համար: Իսկ ինչ վերաբերվում է Արթուր Ավետիսյանին, ապա վերջապես նա 4-րդը չէ ու ունենք մեդալ Եվրոպայի առաջնությունում, ինչը համարում եմ հաղթական մեդալ»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականը երբեք Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալ մեկ առաջնությունում չի ունեցել, սա առաջին անգամ էր:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, արծաթի արժանացավ Մամիկոն Խաչատրյանը, իսկ բրոնզ նվաճեց Արթուր Ավետիսյանը: