ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին․ «Փյունիկի» գլխավոր մարզիչը մեղադրել է ՀՖՖ-ին

Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին․ «Փյունիկի» գլխավոր մարզիչը մեղադրել է ՀՖՖ-ին

«Փյունիկի»  գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Բազելի» հետ Երևանում կայանալիք հանդիպման կարեւորության մասին: Հիշեցնենք, որ խաղը կայանալու է նոյեմբերի 3-ին, և «Բազելին» հաղթելու դեպքում երևանյան ակումբը դուրս կգա Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆ։

«Բոլորս հասկանում ենք հանդիպման կարևորությունն ու պատրաստվելու ենք հնարավորինս լավ, որպեսզի հաղթանակի հասնենք: Միաժամանակ գիտակցում ենք` ուր ենք հասել ու ովքեր են մեր մրցակիցները, հեշտ չի լինելու: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մեզ հետ են ու պարտության ժամանակ էլ գիտակցում են, որ այս ռեսուրսներով անում ենք առավելագույնը: Հնարավոր չէ կատարելության հասնել ու հաղթել ամեն խաղում: Շնորհակալ եմ իմ տղաներին, որոնք մինչև վերջին րոպեն պայքարում են հաջողության հասնելու համար: Շատ կարևոր է հանդերձարանի մթնոլորտը, միասնականությունը, թիմային ոգին, որոնք մենք ստեղծել ենք համատեղ ուժերով: Կխնդրեմ, որ երկրպագուներն այս խաղում մեր կողքին լինեն ու գան մարզադաշտ: Ցանկությունս է, որ այդ օրը հայկական ֆուտբոլի համար դարձնենք պատմական»:

Եղիշե Մելիքյանը նաև դժգոհել է ՀՖՖ-ից և հարցով դիմել է այդ կառույցին, թե որտե՞ղ է եղել ՀՖՖ-ն նախորդ ամիսների ընթացքում և ինչո՞ւ «Փյունիկ»-ին չի աջակցել:

«Ոչ մի խաղին ներկա չեք գտնվել ու չեք աջակցել մեզ: Ցանկանում եմ լսել այս հարցի պատասխանը: Ֆեդերացիային չեն մտահոգում մեր ապագան ու արդյունքները: Եթե նրանք սրտացավ լինեին, մեր կողքին կլինեին, իսկ մենք դա չենք զգում: Պետք է հիշեցնեմ, որ ֆեդերացիայի նախագահին, փոխնախագահին ընտրել ենք մենք` ֆուտբոլային մարդիկ, ու դա չենք արել, որպեսզի նրանք ինչ-որ մեկին համակրեն, մյուսին` ոչ, այլ, որպեսզի մտածեն հայկական ֆուտբոլի զարգացման մասին: Նրանց չենք հրավիրում մեր խաղերին, այլ պարտադրում ենք ու պահանջում, որ լինեն հայկական ամեն ակումբի կողքին, որոնք պատմություն են կերտում ու պայքարում հանուն զարգացման և առաջընթացի: Եվ խոսքը միայն «Փյունիկ»-ի մասին չէ»,- ավելացրել է Մելիքյանը:

  • Կիսվել: