շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով:

Առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսին 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էր նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էին Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Ընդ որում, Քեյանը կարիերայում երկրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ էին դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկի մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը:

 

  • Կիսվել: