չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանը բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ-ում առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանը բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ-ում առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում, կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:

Տղաների պայքարում մեկնարկային գոտեմարտերում հաղթանակներ են տարել Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Հենրիխ Ճղրիկյանը (91 կգ):

Մ-22 ԵԱ գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը մենամարտել է ռումինացի Մարիան Սալիի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ նոկդաունի ենթարկելով մրցակցին։

Երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը մեկնարկում մեծ առավելությամբ պարտության է մատնել հունգարացի Ռոբերտ Շիկին, ընդ որում 3-րդ ռաունդի վերջում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին։

63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը մեկնարկում 5։0 հաշվով առավելության է հասել Ավստրիան ներկայացնող Արսեն Չաբյանի նկատմամբ։

67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, կամային բարձր հատկանիշներ դրսևորելով, հաղթանակի է հասել իռլանդացի Գարեթ Գիֆոռդի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 0։5 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը բեկել է մենամարտի ընթացքը: Երրորդ ռաունդում Հարությունյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Միշել Սիմենսի նկատմամբ:

91 կգ քաշայինների պայքարում էլ Հենրիկ Ճղրիկյանը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Ջումկա Ջաիանի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

Նշենք՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը մասնակցում են նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռինգ դուրս կգան Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Հաղթանակների դեպքում՝ նրանք կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:

  • Կիսվել: