Բոլորիս էլ հաճելի չէ, որ նման հաշվով ենք պարտվում. ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը լիահույս է, որ ընտրանու հաջորդ խաղն ավելի հաջող է լինելու:
«Իհարկե, խոսել ենք տղաներով նախորդ խաղի արդյունքներից, բոլորիս էլ հաճելի չէ, որ նման հաշվով ենք պարտվում: Պետք է փորձենք անել ամեն ինչ ավելի լավ ելույթ ունենալու համար: Բոլոր նրանք, ովքեր խաղադաշտում են, 100 տոկոսով նվիրված են ու անում են առավելագույնը լավ հանդես գալու համար»,- Չեռնոգորիայի հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով` երկու տարի առաջ հավաքականում ավելի շատ փորձառու ֆուտբոլիստներ կային ու այժմ թիմում սերնդափոխություն է կատարվում:
Վերհիշելով ազգային թիմի իր նորամուտի խաղը, որը ևս Չեռնոգորիայի դեմ երեք տարի առաջ կայացած հանդիպումն էր՝ Մկրտչյանն ընդգծեց, որ այդ խաղի հետ կապված հիշողությունները միայն դրական են:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 9-ին մրցակցի դաշտում ընկերական խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: