երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանուն

Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի ընտրանուն: Գերդրամատիկ պայքարում անցած խաղում մեր թիմը ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով, գրում է armsport.am-ը:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացվեց ինքնագոլի արդյունքում, որը գրանցվեց պաշտպան Էրիկ Փիլոյանի անվան դիմաց: Հայաստանի հավաքականին հաջողվեց արագ գտնել պատասխանը. 34-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սերոբյանը՝ վերականգնելով հավասարությունը: Հատկանշական է, որ Սերոբյանն այսօր ազգային հավաքականի կազմում անցկացնում էր իր հոբելյանական՝ 30-րդ հանդիպումը՝ խփելով իր 2-րդ գոլը գլխավոր թիմի կազմում: Սակայն ընդամենը 4 րոպե անց՝ 38-րդ րոպեին, Կրստովիչը խփեց չեռնոգորցիների երկրորդ գնդակը՝ առաջին խաղակեսն ավարտելով հյուրերի հաղթանակով:   Երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը հեռահար շքեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ խփելով իր 14-րդ գոլը ազգային թիմի կազմում և հաշիվը դարձնելով 2-2:

Թվում էր՝ հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն հիմնական ժամանակի ավարտից ընդամենը մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Ալեքսա Լատկովիչը, օգտվելով Ռիստո Ռադունովիչի փոխանցումից, խփեց հյուրերի հաղթական գնդակը:

 

Խմբի զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Լատվիայի ու Կիպրոսի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով Կիպրոսի ընտրանուն։

 

 

Մյուս գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

 

 

  • Կիսվել: