շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը մասնակցել է սպորտային թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է սպորտային թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Սպորտ. ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը: Այս մասին հայտնեւմ են ՀՀ կառավարությունից։

Գեղաթերթիկի վրա պատկերված են 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը: 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ՝ ծանրաձողը բարձրացնելու պահին: Նամականիշի վրա պատկերված է «Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրները՝ Գոռ Սահակյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը, Գարիկ Կարապետյանը:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է ծանրամարտի Եվրոպայի առաջնության լոգոտիպը: Նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 10 000 տպաքանակով: Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Նամականիշով գեղաթերթիկը շրջանառության մեջ է դրվել այսօր` 2023 թվականի դեկտեմբերի 1-ին:

 

  • Կիսվել: