Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն ծանրորդուհու կոչմանը
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն ընդգրկվել է Եվրոպայի 2025 թվականի լավագույն կին ծանրորդի տիտղոսին հավակնող մարզուհիների պաշտոնական ցուցակում, գրում է armsport.am-ը:
Ըստ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հրապարակած տվյալների՝ հեղինակավոր այս մրցանակի համար պայքարում է ընդհանուր առմամբ 10 ծանրորդուհի։ Լավագույնի անունը պարզ կդառնա հատուկ քվեարկության արդյունքներով:
Անցնող 2025 թվականը հայ մարզուհու համար հատկանշվեց մի շարք խոշոր նվաճումներով. Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, կանգնել է աշխարհի երիտասարդական առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին, ինչպես նաև դարձել է մեծահասակների Եվրոպայի արծաթե մեդալակիր: Հիշեցնենք նաև, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով նա արդեն իսկ ճանաչվել էր որպես Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
Այժմ հայուհին ակտիվորեն նախապատրաստվում է հերթական կարևոր ստուգատեսին՝ ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ հարթակ դուրս կգա 58 կգ քաշային կարգում:


