ԱԱ․ Պայքարն են սկսում Վազգեն Թեւանյանն ու Սերգեյ Սարգսյանը
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 18-ին մրցագորգ դուրս կգան 65 եւ 97 կգ քաշային կարգի ներկայացուցիչները: Հայաստանի թիմից կմասնակցեն Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, Մ-23 աշխարհի չեմպիոն Վազգեն Թեւանյան (65 կգ) կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, չեզոք երկրի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Նուրգյուն Սկրիաբինն է:
Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը (97 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Շվեցարիայի ներկայացուցիչ Սամուել Շերրերի հետ:
Սեպտեմբերի 18-ին բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի Հայաստանի թիմի առաջատար, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Բրոնզե մեդալ նվաճելու դեպքում Արսեն Հարությունյանը կապահովի Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը ըմբշամարտում:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել Արման Անդրեասյանը (70 կգ): Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկած մյուս մասնակիցները՝ Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ) պարտվել են:
Աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 19-ին: