Զբոսաշրջության զարգացման և դրա տնտեսական ազդեցության համատեսքտում «Ֆորբս»-ում դիտարկվել է նաև բժշկական տուրիզմը. Ավանեսյան
«Ֆորբս» միջազգային ամսագիրը անդրադարձ է կատարել մեր երկրին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ զբոսաշրջության զարգացման և դրա տնտեսական ազդեցության համատեքստում դիտարկվել է նաև բժշկական տուրիզմը:
Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է երեք կարևոր բաղադրիչ, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում` որակ, վստահություն և հարմարավետություն:
Ամսագրում ընդգծվել է թվային առողջապահությանը միտված մեր բարեփոխումները. Հայաստանի ՏՏ և առողջապահական ոլորտների համակցված գործակցությունը մեր երկրին դարձնում է գրավիչ միջավայր՝ գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների համար:
Ատամնաբուժական ծառայություններ, պլաստիկ վիրաբուժություն, վերարտադրողական առողջություն, փոխպատվաստում և այլն. այն ծառայություններն են, որոնց համար Հայաստան են գալիս տարբեր երկրներից:
Ծառայությունների անընդմեջ ընդլայնումը, թվային գործիքակազմը, վերազինումը, JCI սերտիֆիկացման գործընթացը, վստահ եմ, բերելու է առողջապահությունը նոր մակարդակի և ստեղծելու է հարմար փաթեթ ու միջավայր զբոսաշրջիկի համար և որ կարևորն է` խաղաղ ու կայուն երկրում:



