կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Զարկ տրվեց Նռնաձոր գյուղի նոր թաղամասի շինարարական աշխատանքներին (լուսանկարներ)

Զարկ տրվեց Նռնաձոր գյուղի նոր թաղամասի շինարարական աշխատանքներին (լուսանկարներ)

Այսօր տեղի ունեցավ Նռնաձոր գյուղում կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում են Մեղրիիի քաղաքապետարանից:
 
՛՛Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի համայնքապետեր, համայնքի վարչական ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ և գյուղի բնակիչներ: Միջոցառումը համեմված էր Մեղրիի մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով:
 
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները: Թաղամասի կառուցումն իրականացվում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամի» կողմից: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:
 
Ծրագրով նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս՝ նախատեսված պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչների համար:
 
Օրերս հաջողությամբ ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները և արդեն իսկ մեկնարկել են երկու տների կառուցման աշխատանքները։
 
Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանն իր խոսքում նշեց. «Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»: Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալական խոսք հղեց հիմնադրամին իրենց աջակցությունն ու զորակցությունը ցուցաբերելու համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:
 
Նռնաձոր բնակավայրի ղեկավար Ալիկ Բոյաջյանը նույնպես շնորհակալանքի խոսք ուղղեց ծրագրի աջակիցներին՝ նմանօրինակ նախաձեռնությամբ Արցախի մեր հայրենակիցներին սատար կանգնելու և գյուղը շենացնելու համար:
 
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ առաջին երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելի ձեռամբ օծվեցին նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը:
 
Հիմնարկեքի կարգից հետո համայնքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց մատաղի հյուրասիրություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: