Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ
Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կրթական հիմնարկության ղեկավար կազմի հետ: Այն 1950 թվականից աջակցում է Հայաստանում, Արցախում, Ջավախքում, ԱՄՆ-ում և Լիբանանում կրթական հաստատություններին և հայ ուսանողներին։
Ինչպես հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հիմնարկությանն` ազգանվեր գործունեության համար, որն ամեն տարի ընդլայնում է իր աշխատանքներն ու համագործակցությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքում՝ դպրոցաշինությունից մինչև կրթաթոշակներ, համակարգիչներ՝ ուսանողներին, դպրոցներում Արմաթ լաբորատորիաների հիմնում, դպրոցներին գրենական պիտույքներով ապահովման ծրագիր, սփյուռքի հայ ուսանողների համար նախատեսված կրթաթոշակ և այլն:
«2020 թվականի պատերազմից հետո ՀԿՀ-ն այն սփյուռքյան կառույցներից էր, որ չհուսալքվեց, հաղթահարեց հիասթափությունն ու հայրենիքի շենացմանն ուղղեց ավելի մեծ ջանքեր»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Այնուհետ հանդիպման մասնակիցներին է ներկայացվել գրասենյակի գործունեությունը:
Հիմնարկության փոխնախագահ Փիթր Բաղդասարյանն ընդգծել է, որ վերջերս ընդլայնել են իրենց կրթաթոշակային ծրագիրը, և այս տարի ուսանողներին կտրամադրի 1200 կրթաթոշակ: Գիտակցելով ՏՏ ոլորտի կարևորությունը Հայաստանի և Արցախի տնտեսական աճի մեջ՝ ՀԿՀ-ն ֆինանսավորում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գյուղական դպրոցներում, որտեղ աշակերտները սովորում են ծրագրավորում, կոդավորում և ծանոթանում ռոբոտաշինությանը: