հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն Թբիլիսիում երթ է անցկացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն Թբիլիսիում երթ է անցկացրել դեպի Թուրքիայի դեսպանատուն

Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում պահանջատիրական երթ անցկացվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն: Երթը նախաձեռնել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, որին մասնակցում էին հայ համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ, հասարակական գործիչներ և այլք, գրում է jnews.ge-ն: 

Երթը սկիզբ առավ Ֆիլարմոնիայի դիմացից, որն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով, դրոշներով և ցեղասպանությունը նկարագրող պաստառներով, մասնակիցների դեմքերին կամ ձեռքերին՝ Հայաստանի ու Արցախի դրոշներն էին պատկերված: Երթի անվտանգ ընթանցքը վերահսկում էին ոստիկանության աշխատակիցնեը:

«Դառնալով մեկ բռունցք, ցույց տանք հանցագործ Թուրքիային, որ մենք չենք հանձնվում, մենք պայքարելու ենք մինչև արդար հատուցում: Իրենց պանթյուրքական գաղափարը չի իրականանա այս տարածաշրջանում։ Ցույց տանք Թուրքիայի արբանյակ Ադրբեջանին և իր ֆաշիստական ղեկավարությանը, որ հայ ազգը չի կոտրվում և մինչև վերջին շունչը կանգնելու է Արցախի կողքին», – ասվում է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին՝ նշելով, որ սրանով ապացուցեցին, որ հայի ոգին անկոտրուն է:

«Ոչ ոք իրավունք չունի մեզ արգելել բարձրացնելու մեր բողոքի ձայնը, կեցցեք, որ այսօր չվախեցաք և եկաք այստեղ: Միասին մենք ուժեղ ենք և ապացուցում ենք, որ չեն կարող խանգարել մեզ այսպիսի միջոցառումներ կազմակերպել: Ոմանք փորձում են այնպես անել, որ մենք չկարողանանք օգտվել մեր իրավունքներից, բայց մենք ցույց ենք տալիս,որ չենք կոտրվելու»:

Ելույթ ունեցավ նաև Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:

«Մենք պարտավոր ենք կանխելու և արգելելու նոր ցեղասպանությունն ու ազգաոչնչացումը և դա լինելու է մեր իսկ մոտեցումով, մեր իսկ հայրենանվեր գործունեությամբ: Այսօր վտանգված է նաև հայ ժողովրդի իրական տարածքը, որտեղ նա ապրում է և տարիների ու դարերի ընթացքում ձեռք է բերել՝ և արյունով, և զենքով, և հավատով, և աղոթքով», – ասվեց նրա ելույթում:

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյան իր ելույթում անդրադարձավ երեք օր առաջ կատարվածին՝ ասելով, որ այն ինչ կատարվեց Արթուր Միրզոյանի հետ, դա կատարվում է բոլորիս հետ և 3 օր առաջ չեն ծեծել Արթուրին, այլ ծեծել են Վրաստանում ապրող բոլոր հայերին: Չիդիլյանը բոլորին կոչ արեց միավորվել, մեկ բռունցք դառնալ և պայքարել սեփական իրավունքների համար: Կոչ արեց նաև ուշադիր հետևել Արթուր Միրզոյանի գործին, որ իրական մեղավորները պատժվեն:

  • Կիսվել: