ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վրաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայ գործընկերների հետ առցանց քննարկում են կազմակերպել

Վրաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հայ գործընկերների հետ առցանց քննարկում են կազմակերպել

Հայ-վրացական համագործակցության շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և առողջապահության նախարարության և համակարգի մի շարք մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան առցանց հանդիպում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և նրա տեղակալների, վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի, Առողջապահական քաղաքականության բաժանմունքի պետ Եկատերինե Ադամիայի և այլ մասնագետների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կողմերը մանրամասն ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ներկայումս տիրող իրավիճակը, քննարկել են համաճարակի դեմ պայքարում երկու երկրի հանրային առողջության վերաբերյալ մի շարք կարևորագույն հարցեր: Գործընկերները փորձի փոխանակման նպատակով մանրամասներ են հայտնել համավարակի դեմ պայքարում իրենց քայլերով, ներկայացրել COVID-19-ի բուժման նպատակով կիրառվող իրենց մեթոդներն ու մոտեցումները, մշակված ուղեցույցները և այլն:

Վրացական կողմը ներկայացրել է, որ թեստավորումներն իրականացվում են 18 լաբորատորիայում` հետագայում դրանց թիվը հասցնելով 24-ի: Վերջիններիս տվյալների համաձայն` օրական կատարվում են 1400-1500 թեստավորում:

Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների բուժման համար հակաբիոտիկներ նշանակելու սկզբունքը, ինչպես նաև տրիաժի` ընդունման, ախտորոշման և տեղափոխման մեխանիզմներն ու մոտեցումները:

Գործընկերները հույս են հայտնել, որ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի պատվով հաղթահարել այս մարտահրավերը:

  • Կիսվել: