երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը նվազել է 6,4 %-ով. Նարեկ Մանուկյան

Վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը նվազել է 6,4 %-ով. Նարեկ Մանուկյան

Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսը, որն այս տարի անց է կացվում «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ» խորագրի ներքո:

Բացման հանդիսավոր արարողությանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով կոնգրեսի մասնակիցներին, նշել է, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է մեծ հաջողություններ քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում. «Մենք ունենք առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թվի աճ, մահացության թվի նվազում»։

Նախարարի խոսքով՝ ցուցանիշները հուսադրող են, բայց չպետք է բավարարվել  այդ արձանագրումներով.  «Կառավարության և Առողջապահության նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը, որը և պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին»։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ կարևորվում է միջազգային հաղորդակցությունն ու համագործակցությունները, որոնք հնարավոր են դառնում նաև այս կոնգրեսի շնորհիվ:

ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն էլ  նշել է, որ վերջին 4 տարում Հայաստանում ուռուցքային հիվանդություններից մահացության թիվը նվազել է 6,4 %-ով։

Նարեկ Մանուկյանը ընդգծել է, որ նման արդյունքի Հայաստանում կարողացել են հասնել շնորհիվ՝

մշտապես վերապատրաստումներ անցնող մասնագետների,
2019 թվականից գործող պետական աջակցության ծրագրերի,
բուժհաստատությունների կողմից ուռուցքաբանությանը կարևորություն տալուն։

Խոսելով Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի անցկացման վայրի ընտրության մասին` ՈՒԱԿ տնօրենն ասել է. «Ջերմուկ  քաղաքն ընտրվել է ցույց տալու համար, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա և ցանկացած խնդրի դեպքում մի քանի ժամվա ընթացքում կլինենք մեր սիրելի Ջերմուկում»։ 

  • Կիսվել: