կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վայոց ձորի Շատին բնակավայրի դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված պատերազմում նահատակված Դավիթ Հովհաննիսյանին

Վայոց ձորի Շատին բնակավայրի դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված պատերազմում նահատակված Դավիթ Հովհաննիսյանին

Այսօր Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոս Դավիթ Հովհաննիսյանին, ով սովորել և ավարտել է տեղի դպրոցը:
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսի ծնողները, դպրոցի ուսուցչական կազմը և այլ հյուրեր:
 
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը:
 
Դպրոցականների կատարմամբ ներկայացվել է հերոսի կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը, հնչել են հայրենասիրական երգեր, ասմունք, երախտիքի խոսքեր:
 
Ավագ լեյտենանտ Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում 1995 թվականի օգոստոսի 1-ին։
 
Ավարտելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ծառայության է անցել Սիսիանում: Մասնակցել է Ջրականի և Հադրութի թեժ մարտերին: Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 11-ին` պաշտպանելով հայրենիքը։
 
Արփիար Ղազարյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ողջույնի խոսք է հղել ներկաներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին: Իր խոսքում նշել է, որ Դավիթ Հովհհանիսյանը աչքի էր ընկնում ոչ միայն իր խիզախությամբ, այլ նաև աշխատասիրությամբ, փայլուն գիտելիքներով, մասնակցել էր բազմաթիվ մրցույթների, ինտելեկտուալ խաղերի և պատվով ներկայացել: 
 
Հավերժ փառք հանուն հայրենիքի անմահացած մեր հերոսներին ...

  • Կիսվել: